19 սեպտեմբերի 2011 - 13:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի և ՏՍԽՆԽՄԱ նախաձեռնությամբ կստեղծվի հետխորհրդային երկրների Հանրային խորհուրդների ասոցիացիա

Տնտեսական ու սոցիալական խորհուրդների ու նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայում (ՏՍԽՆԽՄԱ) Հայաստանի նախաձեռնությամբ կստեղծվի հետխորհրդային երկրների ասոցիացիա: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջև երկկողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ: Նա նշել է, որ առաջարկությունն արվել է Ռուսաստանին ու Ուկրաինային հուլիսին, Հռոմում կայացած ՏՍԽՆԽՄԱ նիստի ժամանակ: Ռուսաստանն անմիջապես համաձայնվեց, իսկ երկու օր առաջ ստացվեց նաև Ուկրաինայի համաձայնությունը: «Արդեն կա երեք անդամ և մենք կարող ենք գրանցվել այդ միջազգային կազմակերպությունում արդեն որպես ասոցիացիա»,-ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ այդ երկրների Հանրային խորհուրդների կազմում ընդգրկված են նախկին ու ներկա ազդեցիկ դեմքեր, որոնք կարող են ազդել ընդունվող որոշումների վրա: «Մենք ցանկանում ենք օգտագործել այդ ազդեցությունը, հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև»,-ասել է Մանուկյանը, հավելելով, որ հետխորհրդային պետությունները նույնանման շատ խնդիրներ ունեն:

ՖՈՏՈՇԱՐՔ