19 սեպտեմբերի 2011 - 15:40 AMT
Սիրիահայ համայնքը սատարում է Բաշար Ասադին

Սիրիահայ համայնքը սատարում է Բաշար Ասադին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել սիրիահայ ձեռներեց Պարգև Բլբուլյանը: «Համայնքը սատարում է Ասադին, քանի որ նրա իշխանությունն ապահովում է մեր անվտանգությունն ու պայմաններ ստեղծում համայնքի նորմալ գործունեության համար»,-ասել է Բլբուլյանը: Ըստ նրա, Ասադի բարեփոխումները մեծ փոփոխություններ են նախատեսում տարբեր ոլորտներում: «Կարծում եմ, միջազգային հանրության հորդորներն ուղղված են միայն բարեփոխումների գործընթացի արագացմանը, ոչ թե Ասադի հրաժարականին»,-ասել է նա:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարականի կոչով դիմեց Բաշար Ասադին: