22 սեպտեմբերի 2011 - 18:04 AMT
ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից ստիպված է եղել հեռվից անցկացնել Արցախի ԶՈւ հետ շփման գծի դիտարկումը

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: