24 սեպտեմբերի 2011 - 10:56 AMT
ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի Պաղեստինի հայտը սեպտեմբերի 26-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Պաղեստինի հայտը սեպտեմբերի 26-ին, լրագրողներին է հայտնել ՄԱԿ ԱԽ նախագահ Նավաֆ Սալյամը:

«Ես այսօր գլխավոր քարտուղարից ստացել եմ պաղեստինցիների ՄԱԿ-ին անդամակցելու հայտը և ՄԱԿ ԱԽ-ն այն քննարկելու համար կհավաքվի երկուշաբթի օրը»,-ասել է Նավաֆ Սալյամը:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարին հանձնեց Պաղեստինի անկախությունը 1967թ. սահմաններով ճանաչելու հայտը:

Նոր կարգավիճակը հնարավորություն կտա Պաղեստինին հայցով դիմել միջազգային դատարաններ Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ, ինչը կարող է բարդացնել պաշտոնական Իսրայելի կյանքը:

Վաշինգտոնն ու Երուսաղեմը կոչ են անում պաղեստինցիներին հրաժարվել այդ քայլից և վերսկսել երկկողմ բանակցությունները: Սակայն, Աբբասը հայտարարեց, որ 20 տարվա բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին, ուստի նրանք կդիմեն վճռական քայլերի: