Կազանի հանդիպումից հետո ոչ մի քայլ չի կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը:
«Վերջերս նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպումներ է անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, բայց ես չեմ հավատում, որ այնտեղ ինչ-որ առաջընթաց է եղել, քանզի համանախագահները հասկանում են, որ փոփոխություններ պետք է լինեն Հայաստանի դիրքորոշման մեջ»,- ասել է Ազիմովը, հաղորդում է Trend-ը:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին: