Սեպտեմբերի 29-ին Սեզարիա Էվորայի փոխարեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ է ունենալու հայտնի իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, հայտնում է համերգի մեդիա գործընկեր ARIT.am-ը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակներում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:
Ալեսանդրո Սաֆինան ծնվել է 1963թ-ին Իտալիայի Սիենա քաղաքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից: 17 տարեկանում ընդունվել է Ֆլորենցիայի Լուիջի Կերուբինիի կոնսերվատորիա: Առաջին հաղթանակը տարել է «Concorso Lirico Internazionale» մրցույթում 1989թ-ին: Սկզբնական շրջանում ելույթ է ունեցել ակադեմիական ոճում, կատարել է «Սևիլյան սափրիչ», «Բոհեմ», «Եվգենի Օնեգին» և այլ օպերաների գլխավոր պարտիաները: 1990-ական թվականներից անցում է կատարել «Օպերային ռոք» ժանրին և զբաղվել սկավառակների ձայնագրությամբ: 1999-2007 թ-ի ընթացքում թողարկել է 8 ալբոմ: