Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել ՀԱԿ կողմնակիցներին ու հասարակ քաղաքացիներին մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքի բազմամարդության առումով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այժմ ժամանակն է, որ «ժողովուրդը կրկին խաղի մեջ մտնի ու իշխանություններին հասցնի իր խոսքը ուղիղ ձևով»:
Զուրաբյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, թե հանրահավաքների մասնակիցների թիվը կրճատվել է՝ հայտարարելով, որ հակառակ միտումն է նկատվում:
Նա հավելել է, որ հանրահավաքի մասնակիցների քանակը չհասավ գարնանային մակարդակին, քանի որ մարդիկ հավատում էին,որ կարելի է անցում կատարել ժողովրդավարությանը երկխոսության միջոցով:
Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: