28 սեպտեմբերի 2011 - 11:20 AMT
Շախամտի Եվրոպայի առաջնությունում «Միկայի» տղամարդկանց ակումբը բարձրացել է 5-րդ տեղը

Սլովենական Ռոբաշկա Սլատինայում սեպտեմբերի 27-ին խաղարկվեց շախմատի ակումբային առաջնության 3-րդ տուրը, հերթական անգամ հաղթանակներ տարան «Միկայի» կանանց ու տղամարդկանց ակումբերը:

Տղամարդկանց մրցակիցն էր «Vesnianka Gran» ակումբը, որը զիջեց 5:1 հաշվով: «Միկայի» կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը: Իսկ Ավետիք Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը կիսեցին միավորները մրցակիցների հետ:

Երեք տուրից հետո «Միկան» վաստակեց 15 միավոր ու բարձրացավ 5-րդ տեղը: 4-րդ տուրում նրա մրցակիցը կլինի «OSG Baden Baden» ակումբը, որը 3-րդ տեղում է 16,5 միավորով:

«Միկայի» կանանց ակումբը 2,5:1,5 հաշվով հաղթեց «SHSM- RGSU» ակումբին: Հաղթանակ տարավ միայն Հարիկա Դրոնավալին, իսկ Էլինա Դանիելյանը, Ժու Չենն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղացին: «Միկան» մրցաշարային աղյուսակում նահանջեց 2-րդ տեղը 10 միավորով: 10,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «AEM Luxten Timisoara» ակումբը, որի հետ կհանդիպի հայկական ակումբը 4-րդ տուրում: