PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը ճանաչվել է 2011 թվականի տեղեկատվության ազատության հիմնահարցերը լավագույնս լուսաբանած լրատվամիջոցը: Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար պարոն Օննո Սիմոնսը մրցանակը հանձնեց գործակալության գլխավոր խմբագիր Մարինա Անանիկյանին:
Նույն անվանակարգում մրցանակ է ստացել նաև Մարդու իրավունքները Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտի hra.am կայքը: Քանի որ 2011 թվականի մրցանակաբաշխությունը տոնական էր՝ կապված տեղեկատվության ազատության միջազգային օրվա, ինչպես նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տասնամյակի հետ, այդ իսկ պատճառով այս տարի որևէ մարմնի չի տրվելու բացասական մրցանակ:
2011 թվականի տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող է ճանաչվել lragir.am-ի լրագրող Արման Ղարիբյանը: