
«Ալ Քայիդան» մեղադրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ, հաղորդում է ABC News-ը` մեջբերելով ահաբեկիչների անգլալեզու Inspire ամսագիրը: Ահաբեկիչները վրդովվել են Ահմադինեժադի այն ենթադրությունից, որ «Ալ Քայիդան» ոչ մի կապ չունի 9/11-ի հետ և հայտարարել է, որ այդ դեպքերին առնչություն ունեն ԱՄՆ իշխանությունները:
Ամսագրում հոդվածի հեղինակը ենթադրել է, որ Թեհրանը «Ալ Քայիդային» մրցակից է համարում «ողջ աշխարհում իրավազուրկ մահմեդականների սրտերի պայքարում» և այն պատճառով, որ ահաբեկիչներին հաջողվել է անել այն, ինչ չի ստացվել Իրանի մոտ, Իրանի առաջնորդները նախանձում են նրանց:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս պնդել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են ոչ թե ահաբեկիչների, այլ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: Մասնավորապես նա պնդել է, որ, լինելով ինժեներ, չի հավատում Առևտրի համաշխարհային կենտրոնների փլուզմանը նրանց մեջ մխրճված ինքնաթիռների պատճառով, և դրանք քանդելու համար անհրաժեշտ էր տեղադրել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, ինչն ի զորու էին անել ամերիկյան հատուկ ծառայությունները: