28 սեպտեմբերի 2011 - 17:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռուս, ֆրանսիացի ու իսպանացի զբոսաշրջիկները Արենիի գինու փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել

Ռուսական, ֆրանսիական ու իսպանական զբոսաշրջային խմբերը Արենիի գինու փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը: Ըստ նրա, փառատոնին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Էստոնիայի տուրօպերատորները:

Անդրադառնալով փառատոնի մասնակիցներին՝ Եղյանը հայտնել է, որ կմասնակցեն 8 գինեգործներ Արենիից և յոթ գինեգործ Արցախից ու Հայաստանի մարզերից: Փառատոնի շրջանակներում 80 գյուղական տնտեսություններ իրենց տները հանգստի համար կտրամադրեն այցելուներին:

Իր հերթին «Հայաստանի համայնքների ասոցիացիան» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը հայտնել է, որ փառատոնին մասնակցելու համար որպես փորձագետներ ու մրցութային ժյուրիի անդամներ գինու արտադրության մասնագետներ են հրավիրվել Ֆրանսիայից: Ըստ նրա, նրանք էլ կընտրեն «Լավագույն գինի» անվանակարգի հաղթողին:

Ակնկալվում է, որ փառատոնի շրջանակներում զբոսաշրջիկների շրջանում կանցկացվեն գինու պիտակների էսքիզների մշակման մրցույթներ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան հաջորդ տարի մասնակցել փառատոնին: Բացի այդ, կթողարկվի նաև 100 շիշ գինի հաղթողի պիտակով:

ՖՈՏՈՇԱՐՔ