29 սեպտեմբերի 2011 - 17:49 AMT
Լեհաստանի ԱԳ նախարար. Եվրոպայի ու Բելառուսի հարաբերությունները կախված կլինեն Լուկաշենկոյի քաղաքականությունից

Եվրոպայի ու Բելառուսի հարաբերություններն ուղղակիորեն կախված կլինեն Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությունից ընդդիմության հարցում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման արդյունքում, որը տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը մեկնարկել է Վարշավայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Քանի դեռ շարունակվում են հետապնդումները, հնարավոր չէ Բելառուսի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ»,-հայտարարել է Սիկորսկին:

Նա նշել է, որ Լեհաստանն առաջին երկիրը կլինի, որն օժանդակություն կառաջարկի Բելառուսին, հենց որ «այդ երկրի իշխանությունները սկսեն հարգել սեփական քաղաքացիներին»:

Իր հերթին Թոմաս Համմարբերգը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցություն կցուցաբերի Բելառուսին ժողովրդավարության կայացման ճանապարհին, քանի որ չի կարող թույլ տալ, որ բռնատիրությունը տարածվի Եվրոպայի կենտրոնում»: