Այսօր` սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ թվով երրորդ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը:
Այն նախատեսված է 12-32 տարեկանների համար և իրականացվում է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում և նպաստում է Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, ինչպես նաև բացառիկ հնարավորություն է տալիս ծանոթանալու մետաքսագրության տեխնիկային:
Կրթական ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, արդեն մասնակցել են 30 հոգի: Ծրագրի նպատակն է ծանոթացնել Վազարելիի արվեստին և դրա հետ մեկտեղ ծանոթացնել մետաքսագործության տեխնիկային: Մետաքսագրության տեխնիկան կիրառվում է ոչ միայն արվեստում, այլև կարելի է օգտագործել կենցաղում: Ծրագրում ներկայացված է մետաքսագրության ավանդական տեխնիկան: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում:
1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: