30 սեպտեմբերի 2011 - 23:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց, բայց չավարտվեց

Ազատության հրապարակում սեպտեբերի 30-ին սկսկվեց Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որը կարծես չպետք է տարբերվեր նախորդներից, բացառապես ԱՄՆ դեսպանությանն կոչը ամերիկյան քաղաքացիներին չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ և տարածված լուրերն այն մասին, որ ընդդիմությունն այսօրվա ցույցից հետո մտադիր է նստացույց սկսել, որոնք ՀԱԿ-ում առավոտյան չմեկնաբանեցին:

Չնայած անձրևի, այսօրվա հանրահավաքը ավել մարդ էր հավաքել, քան նախորդները: Միգուցե ազդել էր Լևոն Տեր-Պետրոսհանի յուրաքանչյուրը հետը առնվազն հինգ մարդ բերելու կոչը:

4 կգ ՀՀԿ-ի կուսակցատոմս

Հանրահավաքը բացեց «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը: «Դու կհաղթե'ս, ի'մ ժողովուրդ», - ասել է նա:

Իսկ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին ցուցարարներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության կուսակցատոմսերի փաթեթը և հայտնել, որ դրանք հանձնվել են այսօրվա հանրահավաքի ժամանակ: Մանուկյանը հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենց հանձնվել է ՀՀԿ 3,75կգ կուսակցատոմս: Իսկ այժմ իր մոտ ավելի քան 4 կգ կուսակցատոմս կա: Նա ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց Երկրի» անդամներին կոչ է արել շարունակել ՀԱԿ-ին հանձնել իրենց կուսակցատոմսերը:

Վարչակարգի սվինները և համաժողովրդական ճնշումը

Իր հերթին ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը ասաց, Հայ ազգային կոնգրեսը փոքր-ինչ կաշկանդված էր իր գործողություններում, քանի որ իշխանությունը որպես պատանդ էր պահում Կոնգրեսի ձերբակալված անդամներին: Այնուհետև ՀԱԿ-ը հույս ուներ իր պահանջների կատարմանը հասնել իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով: «Սեպտեմբերի 30-ին այդ հնարավորությունը կարելի է սպառված համարել: Այժմ արդեն սպասելու պատճառներ չկան»,- ընդգծել է նա:

Զուրաբյանը հավելել է, որ այժմ կարելի է այդ պահանջների կատարմանը հասնել համաժողովրդական ճնշման ճանապարհով: Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը խոչընդոտում էին հանրահավաքին մասնակցելու նպատակով ՀԱԿ-ի կողմնակիցների ժամանմանը Երևան:

Նրա խոսքով, իշխանությունների այդ գործողությունները վկայում են այն մասին, որ «իշխող վարչակարգը միայն սվինների է հանդիպում և սարսափում սեփական ժողովրդից»:

21-րդ դարի բիբլիական լեգենդը

«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական երկխոսությունը ձախողվեց, քանի որ իշխանություններն ուզում էին, որպեսզի ՀԱԿ-ն աներ այն, ինչ իրենք էին ուզում: Իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, քանի որ արդեն որոշել են, թե ինչպես հերթական ընտրությունների միջոցով պահպանեն իշխանությունը, ասել է Արամ Սարգսյանը: «Իսկ արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար»,- հավելել է Սարգսյանը:

Իր ելույթում նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` դրանք համեմատելով Կայենի կողմից Աբելի սպանության բիբլիական լեգենդի հետ: Նա հայտնել է, որ մարտի մեկին գործող իշխանություները, ինչպես Կայենը, սպանեցին իրենց եղբայրներին:

Իր հերթին Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն հայտնեց, որ Հայաստանում փոփոխություններն անդառնալի են, քանի որ հայ ժողովուրդն ուզում է ազատ և ժողովրդավարական երկրում ապրել:

Ազատության հրապարակի ժողովրդին ընդառաջ

Այնուհետեվ խոսք վերցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը և ասաց, որ այսօրվանից ևեթ ընդդիմությունը հարկադրված է ավելացնել իր ճնշումները և ավելի հաճախակի հանրահավաքների և զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարել իրենց պահանջը: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ը «այլ միջոցառումների» բավական մեծ զինանոց ունի, դրանք կարող են լինել հացադուլներ, միաժամանակ մի քանի տեղերում անցկացվող պիկետներ, «և, ինչու չէ, շուրջօրյա հանրահավաքներ»: «Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն»,- ասել է ՀԱԿ-ի առաջնորդը:

Ցուցարարները Տեր-Պետրոսյանի խոսքն ուղեկցում էին «Հիմա'» գոչյուններով:

5 րոպե ընդմիջումից հետո ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարեց. «ՀԱԿ-ն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր պահանջին և հայտարարում է շուրջօրյա հանրահավաքների սկիզբը»:

Քիչ անց Լևոն Տեր-Պետրոսյանը հաղորդեց, որ շուրջօրյա հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, և իշխանություններին առաջադրել է նույն 8 պահանջները, որոնք առաջադրել էր նաև նախորդ հանրահավաքի ժամանակ: «ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին»:

Ընդ որում, նա նկատել է. «Մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Տեր-Պետրոսյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է իրենց նամակով և խնդրել իր ձերբակալությունն արգելք չհամարել երկխոսության համար:

Բանակցություններ իշխանությունների հետ

ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է, որ իրենք մտադիր են վաղվանից շուրջօրյա հանրահավաքների հետ մեկտեղ վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի պատասխանատու: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա հանրահավաքները»,- նշել է նա:

ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից երկաթյա կարգապահություն է պահանջվում` հայտնելով ցանկացած ինքնագործունեության անթույլատրելիության մասին: Նա կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չբախվել Ոստիկանության հետ, ինչպես նաև հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց արգելվում է գալ հրապարակ:

Հրապարակում կարգապահությանը հետևելու են հասարակական կարքադրիչները, ինչպես նաև կձևավորվի Լևոն Զուրաբյանից, Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթևոսյանից և Ավետիս Առաքելյանից կազմված խումբ, որը անհրաժեշտության դեպքում հրապարակում բանակցություններ կվարի Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Անձրև և վրաններ Երևանի կենտրոնում

Շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին «ինքնաբուխ» որոշումից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին վրաններ ամրացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ:

Իսկ Երևանում +15 է և անձրև թ գալիս:

Մարինա Անանիկյան, Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ