Սեպտեմբերի 27-29-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը առանձնազրույցներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լուիս Լակաժեյի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ:
Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ սեպտեմբերի 27-ին ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին սեպտեմբերի 29-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն: ՈւԱՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Դեսպան Կարմիրշալյանը վերահաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Լուիս Ալմագրոյին` այցելել Երևան:
Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտնել է, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին:
Նախարարն ընդգծել է նաև, որ Ուրուգվայի իշխանություններն ուսումնասիրում են Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։