2 հոկտեմբերի 2011 - 16:39 AMT
Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ ստորագրած գազային գործարքի գործողությունը

Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ ստորագրած գազային գործարքի գործողությունը: Ինչպես ԱՊԱ-ին են հաղորդում թուրքական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից էներգակիրների արժեքի բարձրացումը հանգեցրել է նրան, որ Թուրքիան նման միջոցների է դիմել. «Մենք խնդրեցինք նվազեցնել արժեքը, նրանք հրաժարվեցին: Ուստի մենք ստիպված եղանք այս քայլին դիմել»:

Յըլդըզն ասել է, որ վերջին 29 ամիսների ընթացքում գազի սակագինն ավելացել է 39 տոկոսով. «Պետք էր կանխել դա: Ուստի մենք առանձին կդիտարկենք ժամկետանց գործարքները: Եթե զգալի նվազեցում չլինի, մենք չենք երկարացնի դրանց ժամկետները»:

Այս շաբաթ Յըլդըզը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ եթե Ռուսաստանը զգալիորեն չնվազեցնի գազի սակագինը, Թուրքիայի կառավարությունը կարող է չեղյալ հայտարարել գործարքները:

Մինչ օրս Թուրքիան «Գազպրոմից» տարեկան 30 մլրդ խմ գազ էր գնում, ինչը թույլ էր տալիս բավարարել երկրում գազի պահանջարկի 64 տոկոսը: Այս տարվա մարտին Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև բանակցությունները գազի սակագնի նվազեցման վերաբերյալ արդյունք չտվեցին: