Եվրագոտու ճգնաժամը սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Եվրագոտին սպառնալիք է ներկայացնում ոչ միայն իր, այլև բրիտանական, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար»,- նշել է Քեմերոնը, հաղորդում է BBC-ն:
Բրիտանական վարչապետը եվրոպական քաղաքական գործիչներին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել բանկային ոլորտում իրադրության կայունացման համար: «Մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները, որպեսզի եվրոպական բանկերն ամրապնդվեն, կառուցվի անհրաժեշտ պաշտպանություն, որպեսզի եվրագոտին կարողանա լուծել իր պարտքային խնդիրները: Դա պետք է անել արդեն հիմա: Դեռևս ժամանակ կա շուկաներից առաջ անցնելու համար»,- հայտնել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է նաև, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել Մեծ Բրիտանիայում դեֆիցիտի կրճատման սեփական ծրագրերից, չնայած բրիտանական տնտեսության աճի նշաններին:
2010թ. մայիսին Բրիտանիայի պահպանողականների իշխող կուսակցությունը՝ Քեմերոնի գլխավորությամբ ընդունեց խիստ տնտեսության միջոցների փաթեթը բյուջետային դեֆիցիտի կրճատման վերաբերյալ, որն այդ պահին ՀՆԱ ծավալի՝ Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային 10 տոկոսն էր կազմում: