3 հոկտեմբերի 2011 - 11:39 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյանի ցուգցվանգը

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր սկսելու մասին, քայլեր, որոնք ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը պահանջում էր ձեռնարկել դեռ գարնանը:

Ինչո՞վ բացատրել հենց հիմա ՀԱԿ և նրա առաջնորդի կողմից ձեռնարկված քայլը: Այն, որ ժողովրդական «ինքնաբուխ որոշումից» հետո Ազատության հրապարակում «թփերում թաքնված ռոյալի» սկզբունքով վրաններ հայտնվեցին, վկայում է այն մասին, որ այդ քայլը ՀԱԿ-ում նախապես էին ծրագրել: Թեև ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին տարվա ընթացքում ցանկացած հանրահավաքի ժամանակ այդ վրանները բերվում էին և պատրաստ պահվում:

Արմատական գործողություններ սկսելու մասին որոշումը կարելի է բացատրել այն անելանելի իրավիճակով, որում հայտնվել է ՀԱԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ: Գարնան վերջում երկխոսության գնալով իշխանությունների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է քաղաքական պայքարը համեմատել շախմատի պարտիայի հետ, ընկավ Սերժ Սարգսյանի թակարդը, որը ճակատագրի հեգնանքով նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Կորցնելով իշխանության վրա ճնշում գործադրելու միակ միջոցը` բազմահազար հանրահավաքները, ՀԱԿ-ը դրա արդյունքում կորցրեց նաև Արևմուտքի աջակցությունը, որին երկրում հանգիստ ներքաղաքական իրավիճակի պայմաններում լիովին բավարարում է գործող նախագահը: Բացի դրանից, տարածաշրջանում Արևմուտքի համար կարևոր խնդիրների` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում մոտեցումները բավական նման են:

Ստեղծված իրավիճակում իր ավանդն ունեցավ օգոստոսի կեսերին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը, երբ իր կտրուկ հայտարարություններով և այդ միջադեպի պատճառով իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու հետևանքով կոնգրեսը սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունները:

Անպես որ Տեր-Պետրոսյանը հիմա հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Մի կողմից ՀԱԿ պասիվությունը, իշխանությունների հետ կոշտ առճակատումից հրաժարվելը հանգեցնում է ՀԱԿ-ից ժողովրդի զանգվածների հիասթափությանը, մյուս կողմից, իշխանությունների հետ իրական առճակատման ուժ և պոտենցիալ ՀԱԿ-ը չունի: Ազատության հրապարակում մի քանի հազար ցուցարարներով ոչ միայն հեղափոխություն անել, այլ նաև իշխանություններին վախեցնել չի հաջողվի: Իսկ այդ ցուգցվանգին գումարվում է նաև հերթական ընտրությունների մոտենալու ցայտնոտը, որոնց հետ հաշտվել են և դրանց պատրաստվում են Հայաստանի մնացած քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, որի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ