3 հոկտեմբերի 2011 - 19:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ը մամլո ասուլիս է սկսում բաց երկնքի տակ` անմիջապես Ազատության հրապարակում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը մեկնարկել է նշանակված ժամին: Այսօր հանրահավաքի ընթացքում մամլո ասուլիս կանցկացվի բաց երկնքի տակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Կոնգրեսի առաջնորդները: ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով` համակարգողներն արդեն մոտ 400 հարց են ստացել:

Ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է, որ հրապարակում երբեմն քաղաքացիներ են հայտնվում անսթափ վիճակում, որոնք, սակայն, իրենց տվյալներով, ընդդիմության կողմնակիցներ չեն: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ մարդիկ ուղարկվել են իշխանությունների կողմից»,- ասել է նա:

Փաշինյանը նաև ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հերթապահություն նշանակել վրանների մոտ, որպեսզի հնարավոր սադրանքները բացառվեն:

Սեպտեմբերի 30-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը վերաճեց շուրջօրյա ակցիայի: Այս որոշումից հետո հավաքվածները սկսեցին Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ելումուտին հրապարակ:

ՖՈՏՈՇԱՐՔ