4 հոկտեմբերի 2011 - 14:41 AMT
Կրինա Պրունարիու. ՆԱՏՕ-ն անտարբեր չէ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ

ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում դաշինքի իրավասության մեջ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն: Նրա խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այս հարցում Ռուսաստանի ակտիվությունից բացի նաև կարող են լինել այլ լծակներ, որոնք կարող են գործարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, նշել է նա, դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն անտարբեր է այդ հարցի նկատմամբ: Այդ առումով ռումինացի դիվանագետը նշել է «այս հարցում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկխոսության» հնարավորությունը:

Անդրադառնալով գոյություն ունեցող կարծիքին, որ Ռումինիան ավելի շատ ձգտում է համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, դեսպանն ասել է, որ Ռումինիան փորձում է պահպանել հավասարակշռությունն այդ հարցում: «Իհարկե, Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվ են, քան Հայաստանի, և դա անհնար է ժխտել: Իսկ քաղաքական տեսանկյունից մենք փորձում ենք հավասարակշռություն պահպանել: Ռումինիայի գործողություններում թե միջազգային ասպարեզում, թե երկկողմանի հարաբերություններում երբեք չի զգացվել նախապատվություն այս կամ այն կողմի նկատմամբ»,- նշել է նա: