4 հոկտեմբերի 2011 - 16:32 AMT
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառու՞մ

Հոկտեմբերի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ: Չեխ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորեց դեսպանին Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ և համոզմունք հայտնեց, որ Չեխիայում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարոն Շվարցենբերգը հատկապես կարևորեց համագործակցության հեռանկարները մշակույթի և, միգուցե նաև՝ ատոմային էներգետիկայի բնագավառներում:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնավորապես` կազանյան հանդիպմանը, որը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն պատրաստ է նաև Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրության դեպքում խաղաղություն պարտադրել նրան: