5 հոկտեմբերի 2011 - 21:04 AMT
ՀՀ ՊՆ-ը Բաքվին նախազգուշացնում է ադրբեջանական դիպուկահարների գործողությունների համար պատասխանատվության մասին

Ադրբեջանը, արհամարհելով հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետևանքների համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով հոկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմի դիպուկահար գործողությունները:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը, հաղորդել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: