6 հոկտեմբերի 2011 - 14:55 AMT
Արմեն Մարտիրոսյանը չի բացառում «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միջև դաշինքի հնարավորությունը

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի բացառել «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միջև դաշինքի հնարավորությունը: «Մենք ոչ ոքի առջև չենք փակում դուռը»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում: Նա նշել է նաև, որ թեև «Ժառանգության» ու ՀԱԿ-ի տեսակետները ղարաբաղյան խնդրի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տարբեր են, սակայն, մոտ են ժողովրդավարության հարցերում:

Մարտիրոսյանը նաև մեկնաբանել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այցը Ազատության հրապարակ և նրա խոսակցությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ նրա, նա տեղյակ չէ զրույցի մանրամասներին, սակայն, այցն, ըստ նրա, «քաղաքավարության ու աջակցության» այց էր:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց հավաքվածներին, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր: Այժմ ՀԱԿ-ը վրաններ է խփել Ազատության հրապարակում: