6 հոկտեմբերի 2011 - 15:57 AMT
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանը կրկին արդարանում է՝ ապատեղեկատվություն տարածելով

Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն, ըստ որի հայկական ուժերը Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում երկու ադրբեջանցի զինվորի են սպանել, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա, հավանաբար, զինվորները սպանվել են ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, «սակայն, վստահաբար, ոչ հայկական կողմից հրադադաի խախտման հետևանքով»: «Հավանաբար, Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իրեն արդարացնելու համար»,-ասել է նա: Հասրաթյանը նշել է նաև, որ Արցախը հավատարիմ է հրադադարի պահպանման ռեժիմին:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: