7 հոկտեմբերի 2011 - 14:40 AMT
Երևանում կկայանա «Տեքստիլ և նորաձևություն» առաջին միջազգային գործարար համաժողովը

Կարևորելով Հայաստանում տեքստիլ արդյունաբերության հիմնախնդիրների լուծման և զարգացման առաջնայնությունը` 2011-ի հոկտեմբերի 14-16-ը «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա «Տեքստիլ և նորաձևություն» խորագրով առաջին միջազգային գործարար համաժողովը, որը կազմակերպվում է Զարգացման հայկական գործակալության, ՄԱԱԶԿ-ի միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի, Կովկասյան զարգացման գործարարության կենտրոն - Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Ատեքս նորաձևության կենտրոնի հետ համատեղ:

Համաժողովի նպատակն է Հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաբանումը, արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունների մատնանշումը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը:

Համաժողովին կմասնակցեն ոլորտի ավելի քան 40 տեղական ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներուժային գործընկերներ, արտադրողներ և ոլորտի ներկայացուցիչներ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից:

Միաժամանակ համաժողովի շրջանակներում կկազմակերպվի տեքստիլ արտադրանքի ցուցահանդես և հայ դիզայներների նորաձևության հավաքածուների ցուցադրություն: