Սնանկությունից խուսափելու համար Հունաստանը պետք է մասամբ հրաժարվի ազգային ինքնիշխանությունից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հունական մամուլին է հայտնել Գերմանիայի ստորին խորհրդարանի փոխխոսնակ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կառավարող պահպանողական կուսակցության անդամ Միխաէլ Ֆուկսը: «Հունաստանին երկու քայլ է բաժանում սնանկությունից, իսկ մենք մեր հերթին համաձայն չենք մշտապես ներողամտություն ցուցաբերել: Հետևաբար, որպեսզի պարտքերը մասամբ մարված համարվեն, Աթենքը պետք է գոնե ժամանակավորապես հրաժարվի որևէ բանից, օրինակ` ազգային ինքնիշխանության որոշակի բաժնից»,- հայտնել է նա: Ֆուկսը գտնում է, որ պարտքային ճգնաժամի լիկվիդացման համար վարկատուները ստիպված կլինեն Հունաստանին ներել պարտքերի առնվազն 50%-ը:
Այս իմաստով Ֆուկսը գտնում է, որ Հունաստանն ավելի լավ է եվրագոտու սահմաններից դուրս գոյատևի: «Ես վստահ չեմ, որ անդամակցությունը Եվրամիությանը լավագույն երկարաժամկետ լուծումն է երկրին մրցունակությունն ու ֆինանսական շուկաներում վստահությունը վերադարձնելու համար»,- հավելել է նա: