
2011թ. հոկտեմբերի 8-ին, 84-րդ տարին չբոլորած, երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանը:
Ժիրայր Ավետիսյանը ծնվել է 1927 թ. հոկտեմբերի 22-ին, Էջմիածնում:
1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1956-2009 թթ. աշխատել է հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ռեժիսոր:
Ժիրայր Ավետիսյանի անվան հետ է կապված հայկական հեռուստատեսության ծնունդը, որի հիմնադրման բարդ ճանապարհին նա եղել է անփոխարինելի մասնագետ՝ միաժամանակ և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող: Նա հեղինակ է առաջին հեռուստաեթերի ու հեռուստահաղորդումների, առաջին հեռուստատեսային նկարահանումների ու հեռուստաֆիլմերի:
Ժիրայր Ավետիսյանը ապրել է հարուստ ու բովանդակալից ստեղծագործական կյանք. նկարահանել է ավելի քան 36 խաղարկային ու փաստագրական կինոնկարներ («Առաջին նամակը», «Դեպք անտառում», «Գառնի», «Մեծամորի գաղտնիքը», «Պոեմ հերոսական» ֆիլմ-բալլադը, «Արշակ»): Սակայն հայ հեռուստադիտողին նա առավելապես հայտնի է բոլորի կողմից սիրված «Ձորի Միրոն», «Ջրհորի մոտ», «Շրթներկ համար 4» ֆիլմերից: Իրականացրել է հարյուրավոր հաղորդումներ ու բեմադրություններ: Տարիներ շարունակ Ժիրայր Ավետիսյանը դասավանդել է տարբեր կրթական հաստատություններում՝ հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ մասնագետներին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ից 14:00-ն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շենքից: Ժամը13:30-ին կսկսվի եկեղեցական հուղարկավորության կարգը: Հուղարկավորությունը՝ Դավիթաշենի գերեզմանոցի ընտանեկան հանգստարանում: