10 հոկտեմբերի 2011 - 17:25 AMT
ՀՀ նախագահը կարևորում է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական գործընկերության շրջանակներում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին: Ողջունելով նշանավոր գիտնականին` նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության և մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է պրն. Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Ծավալված ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: