11 հոկտեմբերի 2011 - 23:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի համար վճռորոշ հանդիպման առաջին խաղակեսը դրամատիկ էր. հեռացում և ինքնագոլ

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս եկավ «Ավիվա» մարզադաշտ Դուբլինում, հստակ գիտակցելով, որ անցկացնելու է ամենակարևոր հանդիպումը Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական փուլում:

Երկու թիմերը որոշում են երկրորդ տեղի ճակատագիրը B խմբում և երկու հավաքականները առաջին իսկ րոպեներից գրոհեցին:

51 700 հոգանցող մարզադաշտում լսվում էին նաև Հայաստանի հավաքականի երկրպագուների ձայները, ովքեր Դուբլին էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից:

12-րդ րոպեին Քևին Դոյլի հարվածից հետո գնդակը հայտնվեց Ռոման Բերեզովսկու մոտ: Իռալնդացիները աչքի էին ընկնում կոպիտ խաղով, և արդեն 13-րդ րոպեին, իսպանացի դատավոր Իտուրալդե Գոնսալեզը դեղին քարտ ցույց տվեց Սթիվեն Կելլիին: Խաղակեսի երկրորդ հատվածում իռլանդացիները սկսեցին պռեսինգի դիմել և վտանգավոր պահեր ստեղծել Հայաստանի դարպասի մոտ, իսկ 26-րդ րոպեին Գոնսալեզը հեռացրեց Հայաստանի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Վարդան Մինասյանը ստիպված էր Էդգար Մալաքյանի փոխարեն դաշտ դուրս հանել 20-ամյա դարպասապահ Արսեն Պետրոսյանին:

Հայաստանի հավաքականը հայտնվեց շատ ծանր դրությունում: Սակայն տասը հոգով անգամ հայ ֆուտբոլիստները ձգտում էին արդյունքի հասնել:

Ցավոք, առաջին խաղակեսի վերջում սեփական դարպասը գրավեց պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Արդյունքում առաջին կեսը ավարտվեց իռլանդացիների մինիմալ առավելությամբ՝ 1:0:

ՖՈՏՈՇԱՐՔ