12 հոկտեմբերի 2011 - 11:21 AMT
Ջովաննի Տրապատոնի. Հուսով եմ, որ անցումային խաղերում մեր մրցակիցն այնքան ուժեղ չի լինի, որքան Հայաստանը

«Հայաստանի թիմն լավագույններից մեկն էր մեր խմբում և հաղթանակի հասնել նման հաշվով մեզ համար շատ լավ արդյունք է: Առաջին խաղակեսում Հայաստանը շատ լավ էր խաղում, սակայն, ինչպես ես ասացի խաղից առաջ, մեր ֆուտբոլիստները լավ ռեակցիա և խաղի հանդեպ լավ վերաբերմունք ցույց տվեցին»,-Իռլանդիա-Հայաստան խաղից հետո ասել է իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին:

Իտալացի մասնագետը համաձայն չէր այն կարծիքի հետ, որ հաղթանակը պատահական էր Իռլանդիայի համար:

«Գուցե Ռուսաստանի հետ խաղում մեր բախտը բերեց: Կրկնում եմ, Հայաստանը շատ լավ էր խաղում, սակայն, ես չեմ մտաբերում ոչ մի վտանգավոր պահ Շեյ Գիվենի դարպասի մոտ: Նրանք մեզանից լավ էին խաղում, սակայն մենք կարողացանք դուրս գալ իրավիճակից»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերում irishexaminer.com-ը:

Իռլանդացիների մարզիչը նշել է նաև, որ ամենևին չէր երևում, որ հայերը տասը հոգով են խաղում: «Անցումային խաղերում մենք պետք է ավելի լավ խաղանք, հուսով եմ, որ մեր մրցակիցն այնքան ուժեղ չի լինի, որքան Հայաստանը»:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը, մնալով տասը հոգով, Եվրո-2012 ընտրական փուլի վերջին խաղում զիջեց Իռլանդիային 2:1 հաշվով, ուստի ուղեգրի համար պայքարը կշարունակեն Զմրուխտե կղզու ֆուտբոլիստները: