12 հոկտեմբերի 2011 - 13:26 AMT
Վրաստանը վախենում է Եվրոպական դատարանում Չախալյանի գործի քննությունից

Վրաստանը մտահոգված ու վախեցած է Եվրոպական դատարանում Վահագն Չախալյանի գործի քննության հեռանկարից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է «Երկիր» ՀԿ ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: «Առաջին անգամ ջավախահայերի խնդիրնեը կարծարծվեն Եվրոպական դատարանում: Սա արդեն ոչ թե իրավական հարթություն է, այլ քաղաքական»,-ասել է Ռոբերտ Թաթոյանը: Ըստ նրա, Վրաստանը ստիպված կլինի անդրադառնալ ստանձնած պարտավորությունների կատարմանը եվրոպական կառույցների առջև, մասնավորապես, հայոց լեզվի ու ՏԻՄ համակարգի ուժեղացման, ինչպես նաև Վրաստանում հայ եկեղեցու վիճակի առումով:

Թաթոյանը նշել է, որ Չախալյանին մի քանի անգամ առաջարկել են խոստովանել իր մեղքը և ներման խնդրանքով դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ դրա դիմաց ազատություն խոստանալով: Թաթոյանը նշել է, որ Չախալյանը հրաժարվել է առաջարկից:

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել և 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Էական խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի 226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) և «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար: Բոլոր մեղադրանքները, բացառությամբ մեկի, հիմնված են 2005-06թթ. Չախալյանի քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ ու խեղաթյուրված մեկնաբանման վրա:

Չախալյանը հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել, սակայն հոկտեմբերի 12-ին դադարեցրեց հացադուլը՝ անսալով ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդի հորդորին: