12 հոկտեմբերի 2011 - 16:26 AMT
Բացվել է Սինոփսիսի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի նոր մասնաշենքը

«Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցության արդյունքում` ԵԿՏԱ-ում պաշտոնապես բացվել է «Հայաստանում կապի միջոցների, միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի» ամբիոնը, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։

«Սինոփսիս Արմենիա»-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը խթանելու նպատակով 2011թ. ամռանը ստորագրել էին համագործակցության համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ վերանորոգվեց ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը` այն համապատասխանեցնելով արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության մշակած կրթական մոդելի համաձայն, նախատեսվում է ծրագրում ընդգրկել բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած` բակալավրական ծրագրի 2-րդ կուրսն ավարտող ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի ուսանողներին: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս Արմենիայի», ՎիվաՍել-ՄՏՍ-ի հմուտ մասնագետների և ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ուղղված էր ոչ միայն համապատասխան լսարանային տարածքի վերանորոգմանը, այլև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձի, հավասարեցված այլ վճարների փոխհատուցմանը և համապատասխան համակարգչային տեխնիկայով լսարանի կահավորմանը:

«Երկրի մտավոր կապիտալը պետք է ձևավորվի ուղղորդված` բիզնեսի հետ սերտ համագործակցությամբ: Հաջողության հասնելու կարևոր քայլերից մեկը մրցունակ աշխատուժի հավաքագրումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է կրթական ոլորտի զարգացմանը՝ գիտակցելով, որ այս օղակն է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու իրական լծակը: Առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը կարգավորելու առումով էլ կարևոր է կադրերի պատրաստման հարցում մասնավոր հատվածի միջամտությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամբիոնի դասախոսներին պարբերաբար վերապատրաստելու առաքելությունը ստանձնել է «ՍինոփսիսԱրմենիա»-ն: