13 հոկտեմբերի 2011 - 16:28 AMT
Երիտասարդական նվագախումբը Եվրոպայում ներկայացրեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբեր ամսվա ընթացքում հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում: Բոլոր համերգները նվիրված էին ՀՀ նակախության 20-ամյա հոբելյանին:

Առաջին համերգը կայացել է սեպտեմբերի 26-ին Բրյուսելի «Պալայի դեբոզար» համերգասրահում, սեպտեմբերի 27-ին Բեռլինի «Կոնցեռտհաուս», սեպտեմբերի 29-ին Կարլզրուեի «Կոնցերտհաուս» և հոկտեմբերի 1-ին Հաագայի «Դոկ. Անտոն Ֆիլիպցալ» համերգասրահներում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ Բրյուսելում իրենց համերգին ներկա են գտնվել Եվրոպառլամենտի ներկայացուցիչները, Բելգիայի մշակույթի նախարարը, Բեռլինում` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գևորգ Հակոբյանը, ով մասնակցել է նվագախմբի հյուրախաղերին, նշեց, որ համերգային ծրագիրը բավական բարդ էր: Վերդիի ստեղծագործությամբ նրանք ցույց տվեցին, որ համաշխարհային մշակույթի կրողն են, Ռախմանինովով, որ տիրապետում են նաև ռուսական օպերային դպրոցին, իսկ հայ կոմպոզիտորներով` որ Հայաստանը ունի լավ կոմպոզիտորներ:

Սմբատյանը և Հակոբյանը միակարծիք են, որ արտերկրում պետք է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, քանի որ ըստ Հակոբյանի, Եվրոպայում կարծում են, որ մենք չունենք կոմպոզիտորներ, իսկ Սմբատյանի կարծիքով պատճառն այն է, որ հայ երաժիշտները արտերկրում չեն կատարում հայ կոմպոզիտորների աշխատանքներ:

Համերգային ծրագրում ընդգրկված են Հենդելի, Վերդիի, Բախի, Շոպենի, Միրզոյանի, Չուխաջյանի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախմբի հետ հյուրախաղերին որպես մենակատարներ հանդես են գալու ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:

Նվագախումբը հյուրախաղերից հետո Գերմանիայում շրջագայությունների, ինչպես նաև Բադեն-Բադեն քաղաքի փառատոներից մեկի մասնակցության առաջարկ է ստացել:

Նվագախմբի հայաստանյան համերգաշրջանի առաջին ելույթը լինելու է հեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հոկտեմբերի 30-ին` դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հետ Կամերային երաժշտության տանը: