
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը: «ԱՊՀ-ն անցած երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով»,- հայտնել է նա:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ, և հույս հայտնել, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա:
Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները: