
Մեծ Բրիտանիայի ՊՆ նոր ղեկավարը կլինի Ֆիլիպ Համոնդը, ասվում է նախարարնեի կաբինետի պաշտոնական կայքում: Նրա թեկնածությունը ներկայացվել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հաստատմանը:
Ավելի վաղ Համոնդը զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում նա աշխատել է պահպանողականների իշխանության գալու պահից՝ 2010թ. մայիսից:
Պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսը հրաժարական տվեց հոկտեմբերի 14-ին: Պատճառը նրա ընկերոջ, գործարար Ադամ Ուերրիթիի հետ կապված սկանդալն էր: 2011թ. աշնանը ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ուերրիթին բազմիցս է ուղեկցել Ֆոքսին պաշտոնական ուղևորություններում, մասնավոր անձ լինելով:
Ըստ մամուլի, Ուերրիթիի ուղևորություններն արտերկիր վճարել են մասնավոր հովանավորները: Այլ երկրներ Ֆոքսի այցելությունների ժամանակ Ուերրիթին ներկայացել է որպես նրա խորհրդական և մասնակցել է բանակցություններին մի շարք միջազգային հարցերի շուրջ:
Ֆոքսը խոստովանել է, որ իր ընկերոջ ուղևորությունները պաշտոնական պատվիրակությունների հետ իրոք տեղի են ունեցել և պաշտոնապես ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ թույլ է տվել ընկերական և գործնական կապերի միաձուլում: