Հոկտեմբերի 18-ին Երևանում Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանումը ներկայացրել է «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում և վերականգնում» զեկույցը։ ՀԲ զեկույցը պատրաստվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ և գնահատում է երկրի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, որտեղ նաև մանրամասն քննվում են կրթության, առողջապահության, քաղծառայողների աշխատավարձերի հիմնադրամի և ճանապարհային տրանսպորտի ոլորտի ծախսերը։
«Չնայած ճգնաժամին, որն անդրադարձել է աշխարհի բոլոր երկրների վրա, Հայաստանի դիրքերը բավական կայուն են եղել»,- Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան։ Նրա խոսքով, դա թույլ է տվել Հայաստանի կառավարությանը ներմուծել այնպիսի խթանող ֆիսկալային փաթեթ, որը հնարավորություն է տվել մեղմացնել երկրի տնտեսության վրա ճգնաժամի հետևանքները։
Իր հերթին, Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ դա Հայաստանի պատմության մեջ երկրորդ զեկույցն է։ Նախարարը նաև հաղորդել է, որ տվյալ պահին փաստաթուղթը նախագծային ձևաչափով քննարկվում է ՀԲ փորձագետների հետ և պարունակում է հիմնարար եզրակացություններ։