18 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT
Էկոտուրիզմը վտանգում է չղջիկների գոյությունը

Դեպի Հայաստանի տարբեր քարանձավներ կազմակերպվող տուրերը, այցելությունները կարող են վտանգել այնտեղ բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին բաց նամակով գրել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Ա.Հ. Գասպարյանը։ «Մեզ մասնավորապես անհանգստացնում է Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների ճակատագիրը»,- նշվում է նամակում:

Նա գրում է, որ վերոհիշյալ քարանձավներն արագորեն վեր են ածվում զբոսաշրջության կենտրոնների, որտեղ ամռան և աշնան ամիսներին նկատվում է զբոսաշրջիկների այցելությունների բարձր ակտիվություն: Մագելի քարանձավի մուտքը փակվել է 2007թ-ին, սակայն զբոսաշրջիկների այցերը շարունակվում են: Տարիների ընթացքում մարդածին գործոնների նկատմամբ զգայուն տարբեր տեսակներ լքել են քարանձավը:

Զբոսաշրջիկների հաճախակի այցելությունները Մագելի քարանձավ բերեցին նրան, որ վերջին տարիների ամռան վերջին ամիսներին և հիմնականում սեպտեմբերին քարանձավում ձեռքաթևավորներ չեն հայտնաբերվում: Չղջիկների մոտ սթրես են առաջացնում մարդկանց բարձր ձայները, լապտերի լույսը, մի խոսքով` մարդու մուտքը քարանձավ:

Այդպիսի այցելությունները բերում են չղջիկների գաղթին և վերաբնակեցմանը: Մարդածին գործոնների կործանարար ազդեցության արդյունքում չղջիկները լքել են Մոզրովի քարանձավը, սակայն այն հանդիսանում է նաև միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած ստալագմիտներից և ստալակտիդներից կազմված բնության յուրահատուկ հուշարձան: Այս գեղեցկությունից անմասն չմնալու համար յուրաքանչյուր զբոսաշրջիկ, մտնելով քարանձավ, իր պարտքն է համարում մի կտոր պոկել այդ ապարներից և տանել իր հետ:

«Մենք դեմ չենք էկոտուրիզմի և ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում, սակայն այն չպետք է զարգանա մեր երկրի կենսաբազմազանության կորստի հաշվին: Նշված քարանձավների հարևանությամբ առկա են բազմաթիվ այլ քարանձավներ, որոնց ուղղությամբ արշավների կազմակերպումը չի բերի էկոհամակարգի կայունության խաթարմանը և տեսակների գաղթին»,- գրում է Գասպարյանը:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքում ստացված փաստարկների վրա, ահազանգում է մեր երկրի յուրահատուկ էկոհամակարգերի` Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավները կորցնելու վտանգի մասին և աղետը կանխելու համար առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. ճաղավանդակով արգելափակել և կողպել Մոզրովի և Արջերի քարանձավների մուտքը և չղջիկների բնականոն կենսակերպը չխաթարելու նպատակով գիտնականների, պետական և ոչ պետական սեկտորի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել ու ներդնել Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներ այցելությունների և պահպանման կանոնակարգ, ինչպես նաև քարանձավներ այցելությունների ժամանակացույց: