28 օգոստոսի 2000 - 18:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
28.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր առավոտյան Երեւան կժամանի Հունաստանի պատվիրակությունը` Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մանուսոս Պարայուդակիսի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակն է քննարկել տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրությունը, հայ-հունական ռազմական համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ հայ-հունական հարաբերությունների հեռանկարները:
Հայ-հունական ռազմական համագործակցությանը սկիզբ է դրվել 1996 թվ-ի հունիսի 19-ին` Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աթենք կատարած այցի ընթացքում, երբ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ստորագրվել էր ռազմական համագործակցության մասին պայմանագիրը: 1999 թ. հունիսին հայ-հունական ռազմական համագործակցության թեման հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 2000 թ. հունիսի 29-ին իրանական ԻՐՆԱ գործակալությունը հաղորդեց, որ Հունաստանի պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսը հայտարարել է այն մասին, որ Հայաստանը, Հունաստանը եւ Իրանը մտադիր են ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ստորագրել: Այն ժամանակ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները հայտարարեցին, որ եռակողմ ռազմական համագործակցությունը Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի միջեւ կարող է «վնասել ՆԱՏՕ-ի միասնությանը եւ ռազմավարությանը Բալկաններում եւ Կովկասում, ուժեղացնել լարվածությունը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, մեկուսացնել Ադրբեջանը եւ Վրաստանը»:
Սակայն շուտով Երեւանի եւ Աթենքի պաշտոնական ներկայացուցիչները հերքեցին այդ լուրերը: 1999 թ. հուլիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց. «Մեզ ոչինչ հայտնի չէ հայ-իրանա-հունական ռազմական միության ստեղծման ծրագրերի մասին»: Սեպտեմբերին Երեւան կատարած իր այցի ընթացքում Հունաստանի արտգործնախարար Գեորգիոս Պապանդրեուն եւս հայտարարեց, որ Հայաստանը, Հունաստանը եւ Իրանը մտադիր չեն կնքել ռազմական դաշինք:
Հայաստանի եւ Հունաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը կայացավ 1999 թվ-ի հոկտեմբերին Աթենքում, ուր այցով գտնվում էր Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Այդ բանակցությունների ավարտից հետո Հունաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ «Հայաստանը եւ Հունաստանը բախվում են արտաքին սպառնալիքների, ինչը պահանջում է ուժեղացնել դրանց կասեցմանը ուղղված մեր հնարավորությունները»: --0--