20 հոկտեմբերի 2011 - 11:21 AMT
Սիրիայում զանգվածային ցույցերի ժամանակ 22 մարդ է զոհվել

Հոկտեմբերի 19-ին Սիրիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում 22 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Սիրիան գրեթե յոթ ամիս անընդմեջ հակակառավարական բողոքների պայմաններում է ապրում: ՄԱԿ-ի տվյալներով, բախումների զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմից ավելի քան 1,5 հազար զոհվածների մասին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և քաղաքական վերափոխություններ: ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ասադին կոչ են արել հրաժարական տալ և պնդում են այդ երկրի հանդեպ պատժամիջոցների կիրառման հարցում:

Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվեցին իրենց վետոյի իրավունքից: Փաստաթուղթը պատժամիջոցներ էր նախատեսում սիրիական իշխանությունների կողմից ընդդիմության ճնշումները շարունակելու դեպքում: