20 հոկտեմբերի 2011 - 14:31 AMT
Գուրգեն Եղիազարյան. ՀԱԿ-ը պատրաստվում է միայն արտահերթ ընտրությունների

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով, ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: «Մեր երկրում հարցեր կան, որ անհապաղ լուծում են պահանջում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում, Եղիազարյանը այդպես էլ չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե մտադիր է արդյո՞ք ՀԱԿ-ը մասնակցել հերթական ընտրություններին, եթե չհաջողվի հասնել արտահերթ ընտրությունների:

Անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքների սակավամարդությանը՝ Եղիազարյանն ասել է, որ դա նրան չի հուզում: «Սակավաթիվ կլինե՞ն թե բազմամարդ, մենք արդեն հայտարարել ենք, որ իշխանության ենք գալու սահմանադրական ճանապարհով և հանրահավաքների բազմամարդությունը մեզ համար նշանակություն չունի»,-ասել է նա:

Եղիազարյանը նաև չի համաձայնվել, որ գարնանը ՀԱԿ-ի սկսած քաղաքական գործընթացն իշխանությունների հետ բացասաբար անդրադարձավ Կոնգրեսի ժողովրդականության վրա: «Երկխոսության գնալը շատ ճիշտ ու ժամանակին էր ՀԱԿ-ի կողմից»,-հայտարարել է նա: Եղիազարյանը հավելել է, որ ՀԱԿ-ը փորձեց երկխոսության ճանապարհով հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն, իշխանությունները, վախենալով, ձախողեցին այդ գործընթացը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան ստացավ: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Հրապարակում վրաններ են խփվել: Հոկտեմբերի 8-ին ՀԱԿ-ն ավարտեց իր բողոքի ակցիան և ընդունեց 18 կետից բաղկացած ամփոփիչ բանաձեև: Բանաձևում ասվում է, որ կոնգրեսի հիմնական կարգախոսն է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: