«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակում է բանակցությունները հայկական բանկերից մեկի հետ միաձուլման մասին երկրորդ գործարքի վերաբերյալ, հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ընդ որում, նա ձեռնպահ է մնացել գործարքի մանրամասները հրապարակելուց` կապված դրա բարդության հետ, քանի որ «տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է հանգեցնել դրա ձախողմանը»:
2010 թվականին կայացել է «Կասկադ Բանկի» հետ «Ամերիաբանկի» միավորման առաջին գործարքը: Տիգրան Ջրբաշյանի կարծիքով` ստեղծված իրողություններում անհրաժեշտություն կա բարձրացնելու Հայաստանի բանկային սեկտորի արդյունավետությունը, որը երկրի տնտեսության այլ ճյուղերից ստացվող շահույթի ծավալներով զգալիորեն հետ է մնում: Դրան, Ջրբաշյանի կարծիքով, կնպաստի կոմբանկերի միավորումը: «Ոչ օրգանական աճը կհանգեցնի սիներգետիկ էֆեկտի»,- նշել է նա: Այս կապակցությամբ Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ այս գործընթացը մոտ ժամանակներս կակտիվանա: