«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը:
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Ծաղկաձորի փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` քաղաքի բնակիչները:
Մարզպետի տեղակալ Լ. Միքայելյանն իր խոսքում շնորահակալություն հայտնեց «Հայփոստ»-ին` շեշտելով նմանօրինակ` տեխնիկապես հագեցած ու արդիականացված բաժանմունքի կարիքը քաղաքում:
Ամբողջովին նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքը համարժեք է մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքին ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման որակով:
Այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել ոչ միայն Ծաղկաձոր քաղաքի բնակիչներին, այլ նաև` Ծաղկաձոր այցելած զբոսաշրջիկներին:
Լինելով Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետերից մեկը` Ծաղկաձորում կապի միջոցների, այդ թվում` փոստային կապի արդիականացումը, ռազմավարական նշանակություն ունի:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ.ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ -ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: «այփոստ մարաթոն 2011» ծրագրով արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: