Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի արյունոտ դին ի ցույց է դրվել Միսրատի առևտրի կենտրոնի արդյունաբերական սառնարանում, շաբաթ օրը հայտնել է «Ասոշիեյտիդ պրես» գործակալությունը:
Հերթ կանգնած մարդիկ վանկարկում են «Մենք ուզում ենք տեսնել շանը», իսկ այցելուները, որոնց թվում կան նաև երեխաներ, հաճույքով լուսանկարվում են Քադդաֆիի մարմնի մոտ:
Լիբիայի նախկին առաջնորդի մարմինը մերկ է մինչև գոտկատեղը, երևում են արյան հետքեր: Մարմնի վրա տեսանելի են կրծքի, որովայնի ու գլխի վերքերը:
Քադդաֆին, որը կառավարեց Լիբիան 42 տարի, զոհվեց իր «փոքր հայրենիքի» ՝ Սիրտի մերձակայքում: Մեքենան, որտեղ գտնվում էր Քադդաֆին, հայտնվեց խաչաձև գնդակոծության տակ, արդյունքում նա ստացավ գլխի մահացու վիրավորում:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել ու հրապարակել դրա արդյունքները:
Հինգշաբթի, հոկտեմբերի 20-ին Անցումային ազգային խորհրդի նախագահ Մահմուդ Ջիբրիլը կոչ արեց Ալժիրին Լիբիայի իշխանություններին հանձնել Քադդաֆիի ընտանիքի անդամներին: