24 հոկտեմբերի 2011 - 11:28 AMT
Թուրք սեյսմաբանները վախենում են հրաբխի ժայթքումից

Թուրք սեյսմաբանները վախենում են հրաբխի ժայթքումից: Թուրք սեյսմաբանները զգուշացրել են, որ ստորգետնյա ցնցումների պատճառով կարող է արթնանալ Նեմրութ լեռը, որը գտնվում է Վանից դեպի հյուսիս:

Ինչպես հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, Նեմրութը վերջին անգամ ժայթքել է 1441 թվականին:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:

Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: