2012-ին Հայաստանում գիտության բյուջեն կավելանա 7%-ով և կկազմի մոտ 10,3 տասնորդական միլիարդ դրամ։ Այս մասին հայտնեց լրագրողներին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր կայացած մամլո ասուլիսում։«Բյուջեի մի մասը կծախսվի աշխատավարձների վրա. դրանք կավելանան մոտ 7%-ով, իսկ մյուս մասը՝ միջազգային ծրագրերի ֆինանսավորման վրա և միջազգային համագործակցության վրա։ Սրանց համար ծախսված յուրաքանչյուր դոլարը 2 դոլար ետ է բերում»,-նշեց նա։
Նրա խոսքով գիտության բյուջեի 70%-ը պետական ֆինանասավորումն է, ինչը լավ չէ, քանի որ արտասահմանում ոլորտին տրամադրվող պետական ֆինանսավորումը 15%-ից չի անցնում։ «Իսկ երբ մասնավորն է աջակցում գիտությանը, նշանակում է, որ ոլոտը արագ է զարգանում։ Իսկ մեր դեպքում հակառակն է»,-ավելացրեց Սամվել Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ԱՊՀ երկրների համագործակցության 20-ամյակին նվիրված ժողովածուում հրապարակվել են գիտության ոլորտի զարգացման մակարդակի միջազգային առաջատար գիտատեխնիկական Scopus և Web of Sience շտերմարանների վիճակագրական տվյալները։
Համաձայն ժողովածուի, Հայաստանը 1000 գիտական աշխատողի հաշվարկով գիտության ոլորտի զարգացման 2010-թ-ի հղման ինդեքսով առաջինն է ԱՊՀ երկրներում։
«Սա մեծ ձեռքբերում չէ, մենք շատ ավելին կարող են անել։ Հայաստանում չկան ցավոք հայագիտության օտարալեզու հրապարակումներ, ինչը մենք նախատեսում ենք շտկել եկող տարվա ընթացքում»,-նշեց նա։