24 հոկտեմբերի 2011 - 15:49 AMT
Թուրքիայի երկրաշարժից հայկական ատոմակայանը չի վնասվել

Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։

Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։

Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժն իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների, հաղորդում են ԱԻ նախարարությունից։