25 հոկտեմբերի 2011 - 12:37 AMT
Սեյսմոլոգ. «Մենք պատրաստ չենք դիմակայել երկրաշարժին»

Մոլորակի 3 ամենասեյսմաակտիվ գոտիներից մեկը ալպհիմալայանն է, որի մի սեգմենտը կովկասյանն է և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վերջին 3 երկրաշարժերի մասին, այս մասին ասաց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը։ Հիշեցնելով վերջին 500 տարիներին գրանցված ուժեղագույն երկրաշարժերը՝ բանախոսը նշեց. «Խոսել նրա մասին, թե ինչ-որ մի արտառոց բան է տեղի ունենում, պետք չէ։ Ավելի շուտ պետք է խոսել՝ ինչպես ապրենք, կառուցենք, ինչպես վարվենք այսպիսի սեյսմավտանգ վայրում։ Փաստացի՝ մենք պատրաստ չենք երկրաշարժը դիմավորել այնպես, որպեսզի կարողանանք քիչ վնասներ կրել»։

Սեյսմոլոգը նշեց, որ վերջին 3 ուժեղ երկրաշարժերը նույն խզվածքային գոտում չեն, բայց կապված են ընդհանուր գեոդինամիկական գործընթացով։ Խոսելով Վանի երկրաշարժի մասին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ Հայաստանի վրա այն կարող է անդրադառնալ 10 կամ 50 տարի անց, կարող է նաև ընդհանրապես չանդրադառնալ. «Ոչ ոք չի կարող ասել՝ արդյունքը կլինի դրական, թե բացասական»։

Ինչ վերաբերում է Գառնիի երկրաշարժին, ապա Բալասանյանի կարծիքով՝ դա մոմ վառելու առիթ է. «Այդ հատվածում վաղուց երկրաշարժ չէր եղել և սեյսմիկ էներգիան կուտակվել էր։ Այսպիսի թույլ երկրաշարժը, իրոք, մոմ վառելու առիթ է»։