25 հոկտեմբերի 2011 - 18:23 AMT
Ռումինիայի քաղաքապետների պատվիրակությունը այցելել է Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն այսօր ընդունել է Ռումինիայի քաղաքապետների պատվիրակությանը: Սրբազան Հայրը, ողջունելով քաղաքապետների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և ռումին ժողովուրդների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին: Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ նման ջերմ հարաբերությունների վկայությունն ու երաշխիքն է այն իրողությունը, որ Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդն իր համայնքով Ռումինիայում ունեն երկար և ուրույն պատմություն, և հայ ժողովրդի դարավոր այս ներկայությունը կերտել է հարուստ մշակութային ժառանգություն:

Այս առիթով Սրբազան Հայրն իր գնահատանքն է բերել ներկաներին և Ռումինիայի իշխանություններին` հայ ժողովրդի զավակների հանդեպ մշտապես դրսևորած եղբայրական վերաբերմունքի համար: Կարևորելով նման փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը` որպես երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների պահպանման երաշխիք` Նաթան Սրբազանը նշել է, որ հաջորդ տարի Նորին Սրբության նախագահությամբ կտոնախմբվի Սուչավայի հայոց վանքի 500-ամյակը` վստահություն հայտնելով, որ այն իրապես պետք է լինի ոչ միայն հայ, այլև ռումին հավատացյալ ժողովրդինը:

Քաղաքապետներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` մեծ օրհնություն նկատելով հայոց հոգևոր կենտրոնում գտնվելը: