25 հոկտեմբերի 2011 - 20:21 AMT
Թուրքիայում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը 5.5 մագնիտուդով

Թուրքիայում` Վանից 49կմ հեռավորության վրա, երևանյան ժամանակով մոտ 20:00-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը 5.5 մագնիտուդով: Այս մասին հաղորդում է European Mediterranean Seismological Centre-ը: Վերջին երկու օրվա ընթացքում սրանք ամենաուժեղ ստորգետնյա ցնցումներն են: Հարկ է նշել, որ այդ ցնցումները զգացել են նաև Հայաստանում:

Վերջին օրերին` կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո, ստորգետնյա ցնցումները Վանի շրջակայքում չեն դադարում:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:

Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: