26 հոկտեմբերի 2011 - 11:07 AMT
Թուրքիան համաձայնել է ընդունել Իսրայելի օգնությունը ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Թուրքիան համաձայնել է ընդունել Իսրայելի օգնությունը ավերիչ երկրաշարժի հետևանքների լիկվիդացման գործում, ասվում է երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը համապատասխան ծառայություններին կարգադրել է պատրաստել ամեն անհրաժեշտ բան ավերիչ երկրաշարժի հետևանքները լիկվիդացնելու նպատակով Թուրքիայի հայցած օգնությունն ուղարկելու համար, ասվում է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ իսրայելյան օգնությունը փոխադրող առաջին տրանսպորտային ինքնաթիռը Թուրքիա կմեկնի չորեքշաբթի առավոտյան:

Ավելի վաղ իսրայելյան իշխանությունները բազմիցս առաջարկել էին Թուրքիային իրենց օգնությունը կիրակի օրը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները լիկվիդացնելու համար, սակայն Անկարան մերժում էր Իսրայելի առաջարկները:

Ռազմաքաղաքական ոլորտում մինչև վերջերս սերտ համագործակցող Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացան 2008-2009թթ. ձմռանը Գազայի սեկտորում իսրայելյան գործողությունից հետո և էլ ավելի վատթարացան մայիսին հումանիտար բեռով Գազա շարժվող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի կողմից հարձակումից հետո: Իսրայելյան հատուկ ծառայության ջոկատի գործողության ընթացքում զոհվեցին նավատորմի անձնակազմի ինը թուրք անդամներ:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան: